Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հայկական քարանձավում հայտնաբերվել է մարդկային հինավուրց ուղեղ

Հայկական քարանձավում հայտնաբերվել է մարդկային հինավուրց ուղեղ
08.05.2009 | 00:00

ՇՈՒՐՋ 6000 ՏԱՐՎԱ ՀՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՒՆՔՆԵՐ
Հայաստանի հարավ-արևելքում, Արփա գետից վեր գտնվող քարանձավներից մեկում գիտնականները հայտնաբերել են, հնարավոր է, հնադարյան ժամանակներից պահպանված մարդկային ամենահինավուրց ուղեղը։
Քարայրը նաև ժամանակակից քաղաքակրթությունների ծագումը հասկանալու զարմանալիորեն նոր հնարավորություն է ընձեռում, այնպիսիք, ինչպիսիք են գինեգործության մասին վկայությունն ու մշակութորեն բազմաբնույթ խեցեղենի հավաքածուն:
«2007-2008 թթ. Արենի-1 քարանձավի ներսում և դրսում կատարված պեղումներն ի հայտ բերեցին պղնձի դարի` մոտավորապես 6200-5900 տարվա վաղեմության մեծ թվով արտեֆակտներ», հունվարի 11-ին Ամերիկայի հնագիտական ինստիտուտի տարեկան ժողովում հայտնել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանից Գրիգոր Արեշյանը: Արևելյան Եվրոպայում և Մերձավոր Արևելքում (իմա` Առաջավոր Ասիա- թարգմ.)` հարավարևմտյան Ասիայի մեծ մասն ընդգրկող տարածաշրջանում, պղնձի դարն ընթացել է մոտավորապես 6500-5500 տարի առաջ:
Գտածոները ցույց են տալիս, որ մշակութային հիմնական զարգացումները տեղի են ունեցել պղնձի դարում` ավանդաբար քաղաքակրթության բնօրրան համարվող հարավային Իրաքից դուրս գտնվող շրջաններում, նշում է Արեշյանը: Քարանձավային նոր հայտնագործությունները վկայում են, որ Հայաստանի տարածքում մշակութային գործունեություն ծավալվել է ներկայում հայտնի ժամանակաշրջանից 800 տարի առաջ: «Սա ոգևորող աշխատանք է», մեկնաբանում է Ռանա Օզբալը` Ստամբուլի Բոգազիցի համալսարանից:
Հայկական քարանձավի մեջ տեղադրված երկու մետր երկարությամբ ավազանը` շրջապատված խոշոր կժերով և խաղողի որթի կեղևի ու սերմերի ցաքուցրիվ մնացորդներով, վկայում է ակնհայտորեն մեծ ծավալի գինեգործական աշխատանքների մասին:
Հետազոտողները նաև գտել են պղնձի դարի մարդկային գանգերի մի եռյակ, որոնցից յուրաքանչյուրը թաղված է մի առանձին որմնախորշում` երեքսենյականոց 600 քմ քարանձավում: Անատոմիական հետազոտության համաձայն, որ իրարից անկախ կատարել են երեք կենսաբան մարդաբանները, գանգերը պատկանել են 12-14 տարեկան աղջիկների: Երկու գանգերի վրա հայտնաբերված կոտրվածքները ցույց են տալիս, որ աղջիկները սպանվել են ինչ-որ տեսակի մահակի հարվածներից, հավանաբար` ծիսական արարողության ժամանակ, ենթադրում է Արեշյանը։
Մի գանգը զարմանալիորեն պարունակել է չորացած, բայց լավ պահպանված ուղեղ: «Սա հին աշխարհում երբևէ հայտնաբերված մարդկային ամենահին ուղեղն է»,- նշում է Արեշյանը: Հին աշխարհը կազմում են Եվրոպան, Ասիան, Աֆրիկան և շրջակա կղզիները:
Ներկայումս ուղեղը հետազոտող գիտնականները դրա մակերեսին նկատել են պահպանված արյունատար անոթներ: Պահպանված կարմիր արյան բջիջներն այդ կարծր անոթներից դուրս են բերվել անալիզի համար:
Պարզ չէ, թե ովքեր են հաճախել Արենի-1, որտեղ են այդ մարդիկ ապրել կամ ինչ մեծության էին նրանց բնակատեղիները: Քարայրի ներսում կամ դրսում տնտեսություն վարելու ոչ մի հետք չի հայտնաբերվել: Ով էլ նրանք լինեին, այս մարդիկ մասնակցել են Մերձավոր Արևելքով ընթացող առևտրին, ենթադրում է Արեշյանը:
Պղնձի դարի կավագործական իրերը հնավայրում չորս խմբի են բաժանվում, որոնցից միայն մեկն է ներկայացնում տեղական արտադրանք: Գունազարդ խեցեղենի մի խումբն արևմտյան-կենտրոնական Իրանից է: Որոշ անոթներ ներկայացնում են Մայկոպի մշակույթին տիպիկ ոճ` հարավային Ռուսաստանից և հարավարևելյան Եվրոպայից: Մինչդեռ մյուսները բնորոշ էին Կուր-Արաքսյան մշակույթին, որը Ռուսաստանում ծաղկում էր հենց Մայկոպի տարածքից հարավ:
Խեցեղենի և պղնձի դարի մյուս գտածոների ռադիոածխածնային թվագրումը վկայում է, որ Մայկոպյան և Կուր-Արաքսյան մշակույթները ծագել են ավելի վաղ` ներկայում հայտնի ժամանակաշրջանից 1000 տարի առաջ, հայտնում է Արեշյանը:
Արենի-1 քարայրի լրացուցիչ հայտնագործությունները ներառում են մետաղյա դանակներ, ավելի քան 30 տեսակի մրգերի սերմեր, հացահատիկի տասնյակ տեսակների մնացորդներ, պարան, հագուստ, ծղոտ, խոտ, եղեգն և չորացած խաղող ու սալոր:
Պինդ, կարբոնատե կեղևը, ծածկելով պղնձի դարի հողաշերտերը, ծայրահեղ չորության և քարանձավի ներսում կայուն ջերմաստիճանի հետ մեկտեղ նպաստել է արտեֆակտների և, հատկապես, աղջկա ուղեղի պահպանմանը:
Քարանձավի մուտքի մոտ, ժայռի ծածկի տակ, պեղվել են նաև 12-14-րդ դդ. միջնադարյան վառարաններ:
Արեշյանն ակնկալում է, որ Արենի-1-ի և Արփա գետը եզերող շատ այլ քարայրների հետազոտության շնորհիվ ավելի շատ նյութեր կհայտնաբերվեն: Ըստ նրա. «Այդ քարանձավներից մեկն ավելի մեծ է, ներսում մոտ մեկ ակր (0,4 հեկտար) մակերեսով, քան Արենի-1-ը»:
ԱՐԱՐԱՏ ՌԿ-ի առաջարկությամբ այս հաղորդագրությունը մեկնաբանում է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Է. Լ. ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Հայկական քարայրի` Արենի-1-ի պեղումների ժամանակ մեծ հայտնագործություն է կատարվել, որը, լուսաբանելով հայոց պատմության հնագույն էջերը, հարստացնում է Հայկական լեռնաշխարհում վկայված համաշխարհային նշանակության քաղաքակրթական զարգացումների ծագումնաբանության պատմությունը:
Միևնույն ժամանակ Բրուս Բաուերի հրապարակած հաղորդագրության մեջ ներկայացված Գ. Արեշյանի որոշ մեկնությունները մտորումների տեղիք են տալիս.
1. Ըստ նրա, հայտնաբերված երեք գանգերից երկուսի վրայի կոտրվածքները բռնության արդյունք են: Նա ենթադրում է. ա) աղջիկներին սպանել են, բ) դա արել են մահակով, գ) դա տեղի է ունեցել ծիսական արարողության ժամանակ:
Սակայն այսպիսի ենթադրության համար ոչ մի հիմք չկա: Հայաստանում երբեք նման վայրենի «զոհաբերության» ծիսակատարություն չի եղել։ Այսպիսի փաստ չկա ո՛չ հնագիտական նյութերի մեջ և ո՛չ էլ հետագա գրավոր սկզբնաղբյուրներում:
2. Գինու արտադրությունը, ինչպես նաև կավագործական իրերի` խեցեղենի, մետաղյա դանակների, հագուստեղենի և այլ իրերի հարուստ հավաքածուն վկայում են այդ ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհում քաղաքակրթության որոշակի մակարդակի դրսևորման մասին: Իսկ Գ. Արեշյանը հավաքածուի երեք քառորդը ներմուծված է համարել: Ավելին, Արենի-1 քարանձավի նյութի հիման վրա, Կուր-Արաքսյան մշակույթին զուգահեռ, նա նաև Մայկոպի մշակույթի տարիքն է 1000 տարով հետ տեղափոխում, որպեսզի ապացուցի, որ հավաքածուի մի խումբը «ներմուծված է»:
ա) «Կուր-Արաքսյան մշակույթ» եզրը ժամանակին օգտագործվել է Հայկական լեռնաշխարհի արևելյան մասի և հարակից տարածքների հնագիտական մշակույթի նկարագրության հիման վրա, այնուհետև դրան ավելի լայն կիրառում է տրվել: Միևնույն ժամանակ, հնագիտական մշակույթի ծագումնաբանական պատկանելության խնդրին անդրադառնալիս, պատմաաշխարհագրական տերմինաբանության ընդգրկած հասկացությունների ոչ ճիշտ կիրառման դեպքում խառնաշփոթ է առաջանում: Հայկական լեռնաշխարհում հնագիտական նոր հայտնագործությունների հիման վրա որոշակի դարաշրջանի մշակույթի (իմա` Կուր-Արաքսյան) տարիքի հնացման հիման վրա այլ` համեմատվող մշակույթի (որպիսին նշվել է Մայկոպի մշակույթը) տարիքի հնացման մասին խոսելիս, բնականից կհետևի, որ Հայկական լեռնաշխարհում վավերացված մշակույթը տարիքով առաջնային է, ուստի Արենի-1-ի ամբողջ հնագիտական նյութը տեղական ծագում ունի:
բ) Մեկ քարայրի սահմանափակ տարածքում հայտնաբերված գտածոների երեք քառորդը համարելով ներմուծված, որոնցից Կուր-Արաքսյան, այսինքն` Հայկական լեռնաշխարհի մշակույթի հետ համեմատվող մշակույթի ծաղկումն էլ նշելով Մայկոպից արևմուտք, Գ. Արեշյանը դիմազրկել է Արենի-1-ի հնագիտական նյութերի մշակութային պատկանելությունը։
գ) Ըստ Գ. Արեշյանի, խնդրո առարկա մշակութային զարգացումները տեղի են ունեցել «ավանդաբար քաղաքակրթության բնօրրան համարվող հարավային Իրաքից դուրս գտնվող շրջաններում»: Սակայն դեռևս XVIII դ. Դ. Կալմեն, XIX դ. վերջում` Վ. Գլադստոնը, իսկ XX դարում` Դեյվիդ Մ. Լանգը Հայաստանը քաղաքակրթության բնօրրան են համարել, այնպես որ Արենի-1 քարայրում կատարված հնագիտական հայտնագործությունները պատկանում են հենց քաղաքակրթության բնօրրանին, որպիսին Հայկական լեռնաշխարհն է, և կազմում են նրա հարուստ նյութական մշակույթի ամբողջության մասը:
3. Գյուղատնտեսական և մետաղամշակման արգասիքների առկայությունը քարանձավի գտածոներում վկայում է, որ Հայկական լեռնաշխարհը մշակովի ցորենի, խաղողի, դրանով իսկ գինեգործության, ինչպես նաև մետաղագործության հայրենիքն է:
4. Հայկական լեռնաշխարհը հայոց և համաշխարհային քաղաքակրթության բնօրրանն է, և Արենի-1 քարանձավի ավելի քան 6000 տարվա հնություն ունեցող հնագիտական հայտնագործությունները գալիս են լրացնելու Հայկական լեռնաշխարհի մշակույթի` էնեոլիթին նախորդած նեոլիթի (նոր քարի դար), ինչպես նաև էնեոլիթին հաջորդած` բրոնզի և հետագա դարաշրջանների հոգևոր և նյութական մշակույթին վերաբերող հնագիտական հայտնագործությունների շարքը:
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի
Արտասահմանյան մամուլի տեսություն էջից

Դիտվել է՝ 2810

Մեկնաբանություններ